«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Գավառական փահլևանություն իրական «գետնին վրա»

Գավառական փահլևանություն իրական «գետնին վրա»
16.07.2023 | 08:58

Մինչ Հայաստանում շարունակվում է ՀայաՔվեն՝ Արցախն Ադրբեջանի մաս համարելը քրեորեն դատապարտելի ճանաչելու օրակարգով, երկրի ոչ բարով ղեկավարը Բրյուսելում գրեթե ավարտին հասցրեց տրամագծորեն հակառակ օրակարգի սպասարկումը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին հարաբերությունների գերատեսչությունը, որը, անկասկած, քաջատեղյակ էր Միշել-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման փակ օրակարգին, շտապեց հանդես գալ դիվանագիտորեն շղարշված թափանցիկ հայտարարություններով՝ վերահաստատելու համար «խաղաղության պայմանագրի ստորագրում» կոչվող գործընթացում իր դոմինանտությունը, ինչպես նաև հնարավորինս սառեցնելու ակնհայտորեն հակառուսական պայմանավորվածությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որոնց նախադեպն արձանագրվել էր դեռևս Պրահայում և Քիշնևում:

Մեջբերենք.

«Պատրաստ ենք առաջիկայում Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցումը՝ Մոսկվայում ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովի կազմակերպման հեռանկարով՝ նշյալ փաստաթղթի ստորագրման համար»։

Սա, փաստորեն, Կրեմլի բաց տեքստով հնչեցրած պատասխանն է Սպիտակ տանը, որի պաշտոնական ներկայացուցիչը բոլորովին վերջերս նույնքան բացահայտ հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի միայն Վաշինգտոնում:

Հարավային Կովկասը «սեփականաշնորհելու» հեռագնա ծրագրում Հավաքական Արևմուտքը, ի կիրառումն ռազմավարական և մարտավարական այլ գործիքների, հմտորեն խաղարկում է նաև անդրկովկասյան երկու հանրապետոթյունների ղեկավարներին անհրաժեշտ «լարերի վրա պարացնելու» գործիքակազմը: Եվ եթե Ալիևին առայժմ հաջողվում է պահել հավասարակշռությունը առնվազն երեք «լարերի» վրա (Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Ռուսաստան), ապա Փաշինյանը մի «լարից» մյուսին ցատկելու գավառական փահլևանության «տրյուկներով» է փորձում մնալ «վերևում»՝ տղայամտորեն թերագնահատելով իրական «գետնին վրա» բերանքսիվայր հայտնվելու ռեալ հեռանկարը:

«Ռեալ պոլիտիկի» հետ դիմահար առերեսվելու իրողության մասին հիշատակում կա նաև ՌԴ ԱԳՆ-ի վերոնշյալ հայտարարության մեջ:

Մեջբերենք.

«2022թ. հոկտեմբերին և 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովներում Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է հիմնարար պայմանները, որոնց պարագայում է ստորագրվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման որոշումը։

Կարծում ենք, որ այս պայմաններում չպետք է Արցախի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի պատրաստումը Բաքվի և Երևանի միջև՝ հենվելով մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»։

Դժվար չէ հասկանալ, որ դիվանագիտական նրբահամ բառամթերքով փաթեթավորված այս կոչ-նախազգուշացումն ուղղված է ոչ միայն բրյուսելներում «քյանդրբազություն» անող Իլհամ-Նիկոլ զույգին, այլև Ստեփանակերտում հանրահավաքների գլուխն անցած Արայիկ-Գուրգեն տանդեմին: Այս վայ-ղեկավարները, սեփական աթոռներն «ապամոնտաժված» տեսնելու հեռանկարն աչքի տակ ունենալով, խաղում են ապրելու իրենց իրավունքի համար փողոց դուրս եկած հազարավոր արցախահայերի հայրենասիրության վրա, շեղում նրանց ոչ միայն իրական պայքարից, այլև՝ այդ պայքարի իրական հասցեատիրոջից:

Իսկ շրջափակումը շարունակվում է և դեռ շարունակվելու է, քանի դեռ կյանքի ճանապարհի «գողերը», թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, «տնից» են, «եզն» էլ՝ կազմ-պատրաստ, «երդիկի» տակ:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 36681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ